Member Since Dec 2020
«Զանան» մշակույթի տունը գտնվում է Գյումրու կենտրոնական Կումայրի-արգելոց թանգարանի տարածքում` Վարպետաց փողոցի վրա՝ գրող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նկուղային հարկում։ Շենքը կառուցվել է 1868թ․-ին ալեքսանդրապոլցի Քեշիշյան ազգանունով մեծահարուստ առևտրականի կողմից։ «Զանանը» տեղակայված է այս շինության նկուղային երեք սրահից կազմված տարածքում, որը թանգարանից առանձին մուտք ունի: Տեղի և փողոցի ընտրությունը պատահական չի եղել։ Այս փողոցը, որը թանգարանի բացվելով վերանվանվել է «Վարպետաց փողոց», խոսում է քաղաքի երբենի հարուստ արհեստավորական կյանքի և այստեղ իրենց գործի մասնագետն ու գիտակը համարվող մարդկանց «վարպետ» պատվավոր դիմելաձևի մասին։ Ներկայումս փողոցի վրա են գտնվում գրողներ Ա․ Իսահակյանի և Հ․ Շիրազի, իսկ հաջորդ խաչմերուկում՝ դերասան Մ․ Մկրտչյանի տուն-թանգարանները, որոնց ևս ընդունված էր դիմել «վարպետ» դիմելաձևով։