Գործընկեր Dec 2020-ից
Յուրօրինակ բնությունն ու բարենպաստ կլիմայական պայմանները կատարյալ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի Դիլիջանը հանդիսանա հայաստանյան զբոսաշրջային քարտեզի ամենահետաքրքիր կետերից մեկը։
Սակայն միայն բնությունը չէ մեր քաղաքի այցեքարտը։ Դիլիջանը գրավիչ է նաև որպես ուրույն մշակութային միջավայր։ Բազմազան է քաղաքի «մշակութային-զբոսաշրջային» առաջարկների շրջանակը։ Դիլիջանն այն եզակի քաղաքներից է, որն ունի միջազգային ճանաչում ունեցած այնպիսի «հսկաներ», ինչպիսիք են Կոմպոզիտորների և Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները։ Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Հաղարծնի վանքային համալիրը։ Դիլիջանից արևելք, Աղստևի հովտում գտնվում է Գոշավանքի վանական համալիրը։ Քաղաքի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, երկու տասնյակ աղբյուրներ, որոնցից առավելապես հայտնի են ‹‹Դիլիջան›› և ‹‹Ֆրոլովա բալկա›› հանքային ջրերը: Ներկայումս գործում են շուրջ երեք տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ։ Քաղաքն ունի թանգարաններ, գրադարանների կենտրոնացված համակարգ, հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական և սպորտային դպրոցներ, բժշկական կենտրոն, մշակույթի տուն: Դիլիջանում գործում է նաև կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը և UWC - Dilijan քոլեջը։