Ոչ միայն մազ կտրելու կամ սափրվելու, այլ նաև հայրաքաղաքի անցուդարձին ծանոթանալու, Գյումրիում տեղի ունեցող վերջին լուրերը ճշտելու կամ պարզապես թարմ անեկդոտ լսելու համար շատերն այցելում են հանրապետության ամենահին վարսավիրանոցներից մեկը՝ «Գյումրու կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոց»: Վարսավիրանոցն իր կոլորիտով եզակի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին հիմնադրված վարսավիրանոցը «սովետի» շունչը պահել է մինչև այսօր. այստեղ ոչինչ չի նորացվել՝ այցելուի աթոռից մինչև այցելուին սպասարկող վարսավիրի մասին ցուցանակ: Իսկ թե ինչպես են այստեղ մինչ օրս ջուրը տաքացնում հաճախորդի գլուխը լվանալու համար, դժվար չէ կռահել. դույլերն ու ջրաեռուցիչը խոսուն վկաներ են:
Վարպետները, հպարտությամբ ցույց տալով իրենց սանրերը կամ սափրիչը, շտապում են մեկը մյուսից առաջ ընկնելով պարծենալ, թե իրենց սանրը քանի տարեկան է: Մազ կտրող էլեկտրական սարքեր կան, որ բոլորել են 45 տարին. գերմանական սարքերը կատարյալ են աշխատում մինչև այսօր: Ասում են՝ ժամանակակից ոչ մի սարք նման որակ ու դիմացկունություն չունի: Վարսավիրանոցը միայն տղամարդկանց համար է. ժամանակին նաև կանանց սրահ է գործել, բայց կանայք ընկել են նորաձևության հետևից ու գերադասել գեղեցկության նորաբաց սրահները: Այդ տարածքը ստիպված են եղել վաճառել, իսկ տղամարդկանց հատվածը պահպանվել է հենց այն նույն կոլորիտով, ինչ եղել է ի սկզբանե: