Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա՝ Վայոց ձորի մարզում: Ալպիական մարգագետիններով, անտառներով և լեռնային գետակներով հարուստ քաղաքը հայտնի է իր առողջարաններով, մաքուր և կանաչ գոտիներով։ Քաղաքում չկան մթնոլորտն ու շրջակա միջավայրն աղտոտող գործարաններ: Գտնվելով ծովի մակարդակից 2090 մետր բարձրության վրա՝ քաղաքում ամռանը զով է, իսկ ձմռանը՝ ձյունառատ։ Ջերմուկ քաղաքը շրջապատված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնագագաթներով, որտեղ էլ կազմակերպվում են քայլարշավային և հեծանվային բազմաթիվ երթուղիներով հարուստ էքսկուրսիաներ:
Ձեզ ենք ներկայացնում Ջերմուկում ամանորը դիմավորելու 5 պատճառ․
Պատճառ 1․ Հանքային ջրերն ու դրանց օգտակար հատկությունները
Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք, հայտնի է դարձել շնորհիվ յուրահատուկ բաղադրություն ունեցող հանքային ջրերի: Կարծես քաղաքի սիրտը լինի Ըմպելասրահ կոչվող շինությունը, որտեղ գտնվում են տարբեր ջերմաստիճանի 5 հանքային աղբյուրներ: Իրենց առողջությունը վերականգնելու համար Ջերմուկում գտնվող զբոսաշրջիկները օրական 3 անգամ՝ սնվելուց 20-30 րոպե առաջ, բժիշկների ցուցումով խմում են հանքային ջուրը, որի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը:
Պատճառ 2․ Սայաթ Նովայի աղբյուրներ
Ջերմուկ քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում հանքային տաք ջրի լողավազանը: Սայաթ-Նովայի աղբյուրներ կոչվող գեյզերը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, որտեղ հնարավոր է հասնել ոտքով, հեծանիվներով կամ ջիպերով: Հանքային ջրերը օգտակար են ոչ միայն բուժման, այլ նաև հիվանդությունների կանխարգելման առումով: Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները:
Պատճառ 3. Ջերմուկի պատկերասրահը
Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները։ Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ։
Պատճառ 4. Ջերմուկը «Լուսասարի» գագաթից և ճոպանուղին
Ջերմուկն իր գեղատեսիլ բնությամբ յուրահատուկ հրաշք է տարվա բոլոր եղանակներին: Պատկերացրեք Ջերմուկի գեղեցկությունը ձմռանը` թռչնի թռիչքի բարձրությունից։ Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը։ Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան։ Ունի 2 սահուղի. առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝ 1550, տեղերի թիվը՝ 200:
Պատճառ 5․ Հանգստի կազմակերպում բարձրակարգ հյուրանոց-առողջարաններում
Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքն է, որտեղ գործում են բազմաթիվ բարձրակարգ հյուրանոցներ։ Հյուրանոց-առողջարաններն առաջարկում են երեքանգամյա սնունդ, սպա պրոցեդուրաներ, բաց և փակ լողավազանից օգտվելու հնարավորություն, մերսման ծառայություն և այլն։
Առաջարկում ենք հենց Ջերմուկում դիմավորել 2022 թվականը, լիարժեք հանգստանալ և լիցքավորվել դրական էներգիայով։ Իսկ ամենահետաքրքիր և շահավետ առաջարկներից կարող եք ծանոթանալ այստեղ։