Եթե Դուք պատրաստվում եք այցելել Հայաստան, ապա Ձեզ անպայման անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես մատչելի և ապահով կերպով կարելի է օդանավակայանից հասնել Երևան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, ուր վայրէջք են կատարում դեպի Հայաստան ուղղված գրեթե բոլոր չվերթները, տեղակայված է մայրաքաղաք Երևանից մոտ 12 կմ հեռավորության վրա:

Ձեզ ենք ներկայացնում օդանավակայանից Երևան հասնելու բոլոր հնարավոր տարբերակները.

Դուք կարող եք օգտվել հասարակական տրանսպորտից, որը սպասարկում է օդանավակայան-Երևան երթուղին: N 201 Express միկրոավտոբուսները առավոտյան ժամը 07:00-22:00 յուրաքանչյուր ժամը մեկ օդանավակայանից սկսում են երթը և հասնում Երևան: Երթուղին ունի 7 կանգառ, որոնցից վերջինը մետրոյի «Երիտասարդական» կայարանն է: Դուք կարող եք ավարտել երթն այն կանգառում, որը Ձեզ ավելի հարմար է և ավելի մոտ է գտնվում Ձեր հյուրանոցին: Ճանապարհը տևում է մոտ 30-40 րոպե: Ուղեվարձը կազմում է 300դրամ:
Գործում են նաև երթուղային տաքսիներ, որոնք սկսում են իրենց երթուղին հենց օդանավակայանից: N 17 երթուղային տաքսիով, օրինակ, կարող եք հասնել մինչև մետրոյի «Բարեկամություն» կայարան, որտեղից էլ մետրոյով տեղափոխվել քաղաքի կենտրոն կամ ցանկացած այլ ուղղությամբ: N 18 երթուղայինը Ձեզ կարող է հասցնել քաղաքի կենտրոն, Աբովյան պուրակ կամ մետրոյի մեկ այլ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ: Երթուղայիններն աշխատում են 07:30-20:00, չունեն կանգառներ հասնելու ֆիքսված ժամեր, մոտենում են որոշակի պարբերականությամբ (պետք է պարզապես սպասել կանգառում), ուղեվարձը կազմում է 100դրամ:
Մայրաքաղաք հասնելու մյուս տարբերակը տաքսի ծառայությունից օգտվելն է. մեքենաները կայանված են լինում անմիջապես օդանավակայանի մոտ օրվա բոլոր ժամերին: Այս դեպքում լավ կլինի ընտրել այնպիսի մեքենա, որում տեղադրված է կիլոմետրի հաշվիչ: Իսկ առավել նպատակահարամար կլինի հեռախոսի մեջ ներբեռնել տարածաշրջանում տաքսի ծառայություն առաջարկող երկու ընկերություններից՝ GGtaxi և Yandex Go որևէ մեկի հավելվածն ու ժամանելուց հետո պատվիրել մեքենա: Տեղափոխումն այս կերպ կտևի ավելի կարճ՝ մոտ 15-30րոպե, կարժենա մոտ 5000դրամ:
Իսկ եթե Հայաստան եք ժամանելու զբոսաշրջային այցով, և պատրաստվում եք բացահայտել մեր երկրի մշակույթն ու պատմությունը, ապա Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտը՝ Երևան Քարտը հենց Ձեզ համար է: Քարտի բազմաթիվ ներառումների մեջ է նաև օդանավակայանից մինչև Ձեր հյուրանոց անվճար տեղափոխումը: Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (մետրո): Այսինքն՝ միանվագ վճարելով քարտի համար՝ հնարավորություն կունենաք օգտվել դրա ընձեռած մի շարք հնարավորություններից և, միանշանակ, տնտեսել զգալի գումար:
Եթե պլանավորում եք ինքներդ վարել և շրջել մեքենայով Հայաստանում, ապա կարող եք օդանավակայան ժամանելուն պես մոտենալ տեղում գործող ավտոմեքենաների վարձակալության ընկերության գրասենյակ, ընտրել առաջարկվող բազմատեսակ ավտոմեքենաներից որևէ մեկը, վարձակալել այն Ձեզ անհրաժեշտ ժամկետով և հենց դրանով էլ հասնել Երևանում գտնվող Ձեր հյուրանոց: Ի դեպ, այս դեպքում ընձեռվում է հնարավորություն մեքենան թողնել օդանավակայանում Ձեր մեկնումից առաջ: Այդ ընկերություններն են՝ Sixt, RentmotorsEuropcar:
Դե իսկ եթե Դուք նախընտրում եք օդանավակայանից Երևան հասնելու ամենահարմարավետ և մատչելի տարբերակը, ապա Ձեզ առաջարկում ենք օգտվել Անհատական տրանսֆեր ծառայությունից՝ գնելով այն www.bidfortrip.com միասնական զբոսաշրջային հարթակում: Ժամանելուն պես Ձեզ կդիմավորեն մեր բարեկիրթ վարորդները՝ հատուկ անվանական ցուցանակներով: Դուք, անվտանգ և ապահով, կհասնեք քաղաքի ցանկացած վայր բարձրակարգ ավտոմեքենաներով: Անհատական փոխադրման արժեքը կազմում է 4500դրամ՝ 1-3 անձի համար: Տրանսֆերը տևում է 15-20րոպե, հասանելի է օրվա ցանկացած ժամի: