Մշակութային տուրիզի սիրահարների համար Հայաստանը լավագույն վայրերից է։ Հայաստանին հաճախ անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»: Առաջին Քրիստոնյա երկիրը հարուստ է գեղատեսիլ վայրերով` պատմական և մշակութային նշանակության հուշարձաններով: Հայաստանը զարդարում են ավելի քան չորս հազար ինքնատիպ հուշարձանները, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, մեր երկրի հին մայրաքաղաքների ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Էջմիածնի մայր տաճարը, Գեղարդավանքը, Նորավանքն ու Սևանավանքը։

Բաց երկնքի տակ թանգարանում կա նույնիսկ մեռած քաղաք կամ գյուղ, որտեղ կան տներ բայց չկա բնակչություն արդեն։ Գորիս քաղաքից 8 կմ դեպի արևելք ընկած հեռավորության վրա` ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա` խորը ձորի լանջերին` ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում Հայաստանի հետաքրքրական վայրերից մեկը` Հին Խնձորեսկը: Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին: Մարդիկ, դարեր շարունակ ապրելով աշխարհից ասես կտրված այս անկյունում` ժայռերի մեջ, բնության գրկում, մշտապես պաշտպանվել են թշնամիներից, սովից, տապից, անձրևից և գիշատիչներից: Հետաքրիր է, որ մարդիկ ապրել են այս քարայրներում մինչև 1958 թվականը, երբ Հայաստանն արդեն զարգացած արդյունաբերական երկիր էր: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Բնակելի շատ տներ կառուցվել են գետնից 20-30 մ բարձրության վրա` մեկը մյուսի վրա, երբ առաջինի տանիքը հիմք է հանդիսացել երկրորդի համար: Այստեղ գործել են եկեղեցի և դպրոց. Դա խոսում է մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև 18-րդ դարի առաջին քառորդում թուրքական և պարսկական նվաճողների դեմ պայքարող մեծ զորավար Մխիթար Սպարապետի գերեզմանը: Հին խնձորեսկը պատմական հուշարձան է, որը գտնվում է պետական պաշտպանության տակ: